Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդան Օսկանյանի որդին և ազգականն ազատ են արձակվել

20:15, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Վարդան Օսկանյանի որդին և ազգականն ազատ են արձակվել
     «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
     ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ իրեն առևանգելու և ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
     Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։
     Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առգրավվել և զննվել տուժողի կողմից մատնանշված բուքմեյքերական ընկերության՝ դեպքի օրվա տեսագրությունները։ Արդյունքում՝ պարզվել է տուժողի և քրեական գործով կասկածյալների առնչությունը միմյանց հետ, ինչպես նաև՝ պարտքի առաջացման աղբյուրը. ըստ քրեական գործի տվյալների՝ տուժողը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության՝ իր խաղային հաշվեհամարին գտնվող Հ.Սիրադարյանի և Ա.Օսկանյանի գումարներով (մոտ 1 .650 հազար դրամ) և պարտվել։
     Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Հ.Սիրադարյանին և Ա.Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, քննիչի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
     Նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման ուղղությամբ։
3420 | 4
Facebook