Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից». Էդվարդ Նալբանդյան

17:50, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
«Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից». Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել РИА Новости լրատվական գործակալությանը: Նա նշել է, որ Հայաստանին, անշուշտ, դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից:

Հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ և հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով:

«Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանն սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում, այդ թվում և Հայաստանի հետ համագործակցությամբ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

«Ինչ վերաբերում է «սպառազինության մրցավազքին». Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և ձեռքբերված զենքի քանակությամբ, Հայաստանը չէ, որ խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» նորմերը: Թե ինչի է դա բերում՝ մենք տեսանք անցած տարվա ապրիլին… Բնական է, որ այդ պայմաններում մենք ստիպված ենք բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման և բռնության նոր սրացում, նոր պատերազմ թույլ չտալու համար»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
     Նալբանդյանը նշել է, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան Հայաստան- Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպման անցկացման մասին, «սակայն մենք միշտ շեշտել ենք, որ պատրաստ ենք հանդիպումներին»:

Աղբյուրը` ria.ru
5133 | 5
Facebook