Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայից ժամանած դիտորդներին

15:35, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայից ժամանած դիտորդներին
     Փետրվարի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Ֆրանսիական Հանրապետությունից Արցախ ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում են նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն, նախկին դիվանագետ Մորիս Բոննոն, իրավաբան Պիեռ դ’Էսպերոնան, և Դեսին քաղաքի ավագանու անդամ Դենիս Ջորկայեֆը:
     Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանի նախագահը ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների ջերմությունը և նշել, որ Ղարաբաղում մշտապես ուրախ են ընդունելու ֆրանսիացի բարեկամներին:
     «Մեզ համար փետրվարի 20-ը հիշարժան օր է. 29 տարի առաջ այս օրը մենք ազատության դրոշ ենք բարձրացրել և առաջին քայլը կատարել դեպի ժողովրդավարություն: Այդ ողջ ընթացում մեր ֆրանսիացի բարեկամները եղել են մեր կողքին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
     Ժորժ Կոլոմբիեն պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ արդեն եղել են որոշ ընտրատեղամասերում և գոհ են հանրաքվեի ընթացքից: Անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեին՝ Ժորժ Կոլոմբիեն հետաքրքվել է ակնկալվող արդյունքներով:
     Պատասխանելով հարցին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը հանաքվեներին մասնակցելու փորձ ունի և ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս ակնկալվում է մասնակցության բարձր աստիճան:
1845 | 0
Facebook