Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԼՂՀ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներն ազդելու են բանակցային գործընթացի արդյունքների վրա». քաղաքագետ

15:50, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
«ԼՂՀ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներն ազդելու են բանակցային գործընթացի արդյունքների վրա». քաղաքագետ

«Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, տեղեկացրել է, որ իր համար ամենաինտրիգայինն այն է` արդյոք հանրապետականները կկարողանա՞ն դառնալ խորհրդարանի մեծամասնությունը՝ 54%-ը, որը ակնկալում են, թե դա կունենան դաշնակից ուժերի, օրինակ, դաշնակցականների հետ: «Եթե չլինեն լուրջ ֆորսմաժորային իրավիճակներ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ աննախադեպ սրացումներ, մենք խորհրդարանական ընտրությունների արդյունքում կունենանք կանխատեսելի արդյունքներ»,-ասել է Մինասյանը: Այն հարցին, թե, որ քաղաքական ուժերը հնարավորություններ ունեն խորհրդարան անցնելու, Սերգեյ Մինասյանը պատասխանել է. «Հանրապետական կուսակցության դեպքում ամեն ինչ պարզ է, այստեղ միայն մնում է հասկանալ, թե արդյոք նրանք միայնակ կկարողանա՞ն խորհրդարանում մեծամասնություն կազմել, թե՞ դաշինք կազմելուն կդիմեն: Ե՛վ ռեսուրսների, և՛ ունակությունների, և՛ փոխված առանձնահատկությունների առումով «Ծառուկյան» դաշինքը նույնպես ունի բավական լուրջ հնարավորություններ խորհրդարանում երկրորդ ուժը դառնալու համար: Տարակուսում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ կուսակցության մասին խոսելիս»:
     Ըստ Մինասյանի, մյուս քաղաքական ուժը, որը կարող է լինել կամ չլինել` Օսկանյան-Օհանյան-Հովհաննիսյան դաշինքն է:
     Անդրադառնալով այսօր Արցախում անցկացվող սահմանադրական հանրաքվեին, քաղաքագետը նշել է, որ միջազգային ոչ մի կառույց չի փորձում կասկածի տալ դնել ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն: «Նույնիսկ չունենալով վերջնական կարգավիճակ՝ բոլորի համար հասկանալի է, որ պետական միավորումը պետք է ունենա և՛ ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություններ, և՛ իրավական հիմքեր, որոնց շուրջ պետք է տեղի ունենան քաղաքական գործընթացներ»,:
     Ս. Մինասյանի խոսքով՝ պետք է հասկանանք, որ ԼՂՀ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացները՝ և´ ընտրությունները, և՛ սահմանադրական հանրաքվեն, և՛ մնացած այլ գործընթացները ազդելու են նաև բանակցային գործընթացի արդյունքների վրա: «Ինչ էլ ասեն, ընդունեն կամ շեշտեն միջազգային կառույցների ներկայացուցիչները, չնայած որ նրանց գնահատականը հանրաքվեի վերաբերյալ, դիվանագիտական լեզվով, կարելի է ասել՝ դրական է, ավելի կարևոր է գործընթացը, քան հայտարարությունները»,- ասել է բանախոսը:

2366 | 0
Facebook