Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անհասկանալի հիվանդության պատճառով Աֆրիկայի երեխաներն սկսում են թափահարել գլուխները, շատերը մահանում են

21:05, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Անհասկանալի հիվանդության պատճառով Աֆրիկայի երեխաներն սկսում են թափահարել գլուխները, շատերը մահանում են

1990-2013 թվականներին պատերազմով համակված Հարավային Սուդանում ու Ուգանդայի հյուսիսում հանկարծակիորեն առաջացել է էպիլեպսիայի ծանր ու բարդ տեսակ: Ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ և ուտելու ընթացքում հիվանդ երեխաներն սկսել են անկառավարելիորեն ցնցել գլուխները: Ժամանակի ընթացքում նոպաներն ուժգնացել են` երեխաներին դարձնելով հաշմանդամ: Շատերն արդյունքում մահացել են թերսնումից, դժբախտ պատահարներից կամ էլ կրկնավարակից:

Որոշ համայնքներում ընտանիքների 50%-ից ավելին ունեցել է գոնե մեկ երեխա` «գլուխը թափահարելու համախտանիշով»: Արդեն 2013-ին այս վարակով հիվանդացած երեխաների թիվը հասել է 1600-ի: Սակայն տարօրինակ հիվանդության պատճառները գիտնականների համար մնացել են անհայտ:

Նոր հետազոտությունները պարզել են, որ երեխաների մոտ հաճախ հայտնաբերվող պարազիտ որդը կարող է ստիպել օրգանիզմի պաշտպանողական համակարգին` հարձակվել իր իսկ նեյրոնների վրա:
     Հետազոտություններն ուղղակիորեն չեն ապացուցում, որ հենց որդն է մեղավորը, սակայն առաջին հերթին ցույց են տալիս, որ նման կապը միանգամայն հնարավոր է:
     Ուգանդայում ու Հարավային Սուդանում հիվանդության նոր բռնկումը հանգեցրել է մասնագետների լուրջ հետաքրքրվածությանը: Սակայն նոր հետազոտությունները պարզել են, որ վիրուսները, բակտերիաները, շրջակա միջավայրի տոքսինները, գենետիկան ու անգամ սննդի դեֆիցիտն, ամենայն հավանականությամբ, այստեղ կապ չունեն: Հիմնական վարկածներից մեկը, պարզվում է, մեկ այլ հիվանդություն է. այն տարածքները, որտեղ առաջ է եկել «գլուխը թափահարելու համախտանիշը», աչքի են ընկել օնխոցերկոզ հիվանդության հաճախակի դեպքերով, որոնք առաջացնում են Onchocerca volvulus պարազիտ որդերը: Նրանք կրողից առողջին են անցնում սև ճանճերի խայթոցի միջոցով, և արյան միջոցով հաճախ ընկնում են վարակվածի աչքի մեջ: Այս է պատճառը, որ այս վարակը հաճախ կոչում են «գետային կուրություն», որով այսօր Աֆրիկայում վարակված է շուրջ 18 միլիոն մարդ:

Եթե գիտնականների առաջ քաշած այս հիպոթեզը ճիշտ է, ապա կարճագույն ժամանակում այս սարսափելի հիվանդության տարածմանը վերջ կդրվի: Սակայն, ցավոք, նրանց, ովքեր արդեն վարակված են, ոչնչով չեն կարող օգնել:

6688 | 0
Facebook