Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինքնասպանության գնացողը չի ուզում մեռնել, ուղղակի պատճառն այնքան ուժեղ է լինում, որ դա իրավիճակից դուրս գալու ելք է դիտում». հոգեբան Մանուկ Խաչատրյան

15:15, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
«Ինքնասպանության գնացողը չի ուզում մեռնել, ուղղակի պատճառն այնքան ուժեղ է լինում, որ դա իրավիճակից դուրս գալու ելք է դիտում». հոգեբան Մանուկ Խաչատրյան

Վերջին մեկ ամսում կրկին ավելացել է ինքնասպանությունների թիվը. երիտասարդ կնոջ կախվելը, կամրջից ցած նետված տղամարդու դեպքը, ծառից կախված պատանին և այլն: MAMUL.am լրատվականի թղթակիցն ինքնասպանությունների հոգեբանական պատճառների մասին է զրուցել «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մանուկ Խաչատրյանի հետ: Վերջինը նշել է, որ ինքնասպանությունները լինում են շատ տարբեր պատճառներով, սակայն ոլորտով զբաղվող գիտության՝ սուիցիդոլոգիայի մեջ կան ուսումնասիրված և հաստատված մի քանի հիմնական պատճառներ, մեխանիզմներ և գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության: Ուստի թեման քննարկելիս պետք է առանձնացնել դրանք: Դրանց հիմքերը լինում են ֆիզիոլոգիական և հոգեբանական: «Երկարատև ընկճախտը, միայնակության զգացումը, կյանքի իմաստի կորուստն ինքնասպանության դիմելու հիմնական պատճառներից են: Մարդու գլխուղեղում գոյություն ունեն միջնորդանյութեր, որոնք կարգավորում են մեր տրամադրությունը, հույզերը և վարքը: Օրինակ, սերոտոնին միջնորդանյութի քանակը եթե իջնում է, դա կարող է հանգեցնել երկարատև դեպրեսիայի, որի հետևանքով մարդը կարող է ինքնասպանության դիմել: Գոյություն ունեն նաև սեզոնային դեպրեսիաներ` պայմանավորված վատ եղանակով: Երբ երկար ժամանակ վատ եղանակ է լինում, ու արևի լույսի պակասի պատճառով գլխուղեղում տեղի է ունենում համապատասխան նյութերի արտադրություն պակաս, դա կարող է դառնալ ինքնասպանության պայմանը և դրան էլ գումարվում են հոգեբանական պատճառները, մարդը դիմում է նման քայլի: Ինքնասպանությանը միշտ նախորդում են այսպես կոչված նախասուիցիդյալ մտքերը: Շրջապատում շատ ենք լսում` «արդեն անիմաստ է ապրել», «ապրել չի լինի», «ավելի լավ է մեռնեմ» և այլն…»:
     Մասնագետը հերքում է տարածված այն կարծիքը, թե եթե ինքնասպանության պատրաստվողին մեկ անգամ հետ պահես, երկրորդ անգամ չի գնա այդ քայլին: «Գործնականում կան դեպքեր, երբ շրջապատը փորձում է մեկ անգամ հետ պահել այդ քայլից, բայց ինքնասպանության դիմել ցանկացողը դա անում է երկրորդ անգամ: Երբ մարդն ունենում է ինքնասպանություն գործելու պատճառ, շրջապատը վերացնում է պայմանները կամ առիթը: Այստեղ է, որ անհրաժեշտ է տարբերել ինքնասպանության պատճառը առիթից կամ պայմանից»:
     Ըստ Մանուկ Խաչատրյանի` գոյություն ունեն ինքնասպանության ցուցադրական և վրեժի տեսակներ: «Ցուցադրական ինքնասպանությունը հետևյալն է` «ինձ վրա ուշադրություն դարձրեք, ես սա անում եմ, որպեսզի իմ կարիքները բավարարեք»: Նման անձինք մի քանի անգամ փորձ են անում և այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ մարդիկ տեսնեն, գան իրենց փրկեն: Օրինակ, գազը բաց են թողնում, բայց միևնույն ժամանակ պատուհանն էլ են բաց թողնում… Դրանք մանիպուլյացիայի ձևեր են: Հատկապես դեռահասների մոտ, ովքեր հակված են վարք մոդելավորելու, իրենք էլ են կրկնում. կարող են զանգել, սպառնալ իրենց ընտանիքին, որ ես ինքնասպանություն կգործեմ, եթե այսինչ բանը չընդունեք և այլն: Այստեղ իրական ինքնասպանության մասին չի խոսքը: Սա սպառնալիք է, որի միջոցով անձն ինչ-որ հարց է լուծում: Ինքնասպանության վրեժի տեսակն էլ այլ է: Երբ մարդ ագրեսիվ է լինում և շատ դեպքերում չի ուզում ընդունել օգնությունը, դա նշանակում է` վրեժ է ուզում լուծել կոնկրետ մեկից կամ շրջապատից: Անձը հիասթափված է, լքված է, և բոլորին ուզում է ցույց տալ, որ «տեսեք` ձեր պատճառով ես հասա սրան ու հիմա ինձ էլ պետք չէ ձեր օգնությունը»: Ինքը հասկանում է, որ իրեն ուզում են խղճալ: Շատ դեպքերում կարևոր չէ, որ վրեժի զգացումը ուղղված լինի կոնկրետ անձի, դա կարող է ուղղված լինել բոլորին, աշխարհին: Եթե ագրեսիան ուղղված չէ ուրիշներին, ուղղվում է սեփական անձին: Ինքը սկսում է խմել, շատ ծխել, մեքենան շատ արագ վարել, որովհետև զգոնությունը կորում է, վարքի այս ձևը անվանում են աուտոդեստրուկտիվ, սա չակերտավոր ասված դանդաղ ինքնասպանությունն է: Միանգամից կյանքին վերջ չի դնում, բայց ամեն պայման ստեղծում է, որից կարող է մահանալ: Մի կարևոր բան էլ կա. ինքնասպանն ինքը չի ուզում մեռնել, ուղղակի պատճառն այնքան ուժեղ է լինում, որ ինքը դա իրավիճակից դուրս գալու ելք է դիտում»:
     Մանուկ Խաչատրյանի հետ խոսեցինք նաև այն մասին, որ մարդկանց մեջ կան սխալ ընկալումներ, թե ինքնասպանության գնում են միայն վախկոտ մարդիկ: «Այն ընկալումը, թե ինքնասպանության գնում են վախկոտ կամ ուժեղ մարդիկ, սխալ է: Եթե անձի մոտ կա իր մեկնաբանմամբ ինքնասպան լինելու «հիմնավոր» պատճառներ և նա կյանքին վերջ դնելու որոշում է կայացնում, ապա այդ դեպքում նա չի վախենում ինքնասպանության որևէ ձև ընտրելիս: Եթե մարդը հետ է կանգնում այդ քայլից, նշանակում է, որ ոչ թե վախը նրան հետ պահեց, այլ նա իրական հիմքեր չուներ ինքնասպանություն գործելու կամ հաղթահարեց դրանք ինչ-որ ձևով»:
     Այս ամենի կողքին հոգեբանը չի բացառում, որ ժամանակին նկատելու և օգնության դեպքում մարդուն հնարավոր է կյանքի բերել: «Շատ կարևոր է ինքնասպանության քայլին գնացողի ընկալումը: Միգուցե կողքից երևա, որ նա ընտանիք ունի, ուշադիր են, շրջապատված է սիրով, բայց կարևոր է, թե ինչպես է այդ ամենն ընկալում նա: Իհարկե, եթե շրջապատը դա նկատի, անկեղծ վերաբերմունք ցույց տա, հոգ տանի և դիմացինը դա զգա, հետ կկանգնի այդ քայլից: Կան նաև մասնագետներ՝ հոգեբաներ, հոգեբույժներ (կախված խնդրի բնույթից), որոնց օգնությանը կարելի է դիմել և հիմնովին լուծել այդ հարցը»,- եզրափակեց նա:

5113 | 0
Facebook