Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բացառվում է՝ Յանան նկատի ունենա, որ թքած ունի Հայաստանի վրա». Յանա Եգորյանի հայրը՝ դստեր աղմկահարույց հայտարարության մասին

21:30, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
«Բացառվում է՝ Յանան նկատի ունենա, որ թքած ունի Հայաստանի վրա». Յանա Եգորյանի հայրը՝ դստեր աղմկահարույց հայտարարության մասին

Ռիոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող սուսերամարտուհի Յանա Եգորյանը ռուսական «Экспресс-газета»-ին տված հարցազրույցում նշել է, որ թեև հայուհի է, բայց ադրբեջանցի ընկերներ ունի։ Պատասխանելով հարցին, արդյոք մրցաշարերի ընթացքում բացասական վերաբերմունք է զգում օտարերկրյա մարզիկներից, Յանան, մասնավորապես, նշել է.

«Այո՛, կա նման բան։ Մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ մարդիկ սովոր են հոտային բնազդին։ Դեպքեր գիտեմ, որ երկու հարևան երկրների սուսերամարտիկները շատ տարի ընկերություն էին անում, իսկ հիմա ատում են միմյանց։ Դա հիմարություն է։ Ամեն ինչ որոշում են քաղաքական գործիչներն՝ այնտեղ՝ վերևներում, իսկ տուժում են սովորական մարդիկ։ Բայց ես համարում եմ, որ ամեն մարդ պետք է իր անձնական կարծիքն ունենա։ Օրինակ ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից։ Ու ես փռշտում եմ (խմբ․՝ բառացի թարգմանությամբ), որ Հայաստանն Ադրբեջանի հետ բարձր մակարդակում խնդիրներ ունի։ Ում հետ ցանկանում եմ, նրանց հետ էլ ընկերություն եմ անում»,- նշել է մարզուհին։

Յանա Եգորյանն՝ օլիմպիական խաղերի չեմպիոն
Յանա Եգորյանն՝ օլիմպիական խաղերի չեմպիոն

Սուսերամարտուհու խոսքերը բուռն արձագանք են գտել հայ հանրության մեջ։ Իրավիճակը հստակեցնելու համար MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց Յանա Եգորյանի հոր՝ Կարապետ Ալավերդյանի հետ, ով հետևյալ կերպ արձանագրեց դստեր հարցազրույցին.

«Վերցրեք Յանայի հին հարցազրույցները, կտեսնեք, որ սրանք անիմաստ, հիմար խոսակցություններ են։ Հարցազրույցներում նա բազմիցս նշել է, թե ինչպես է վերաբերվում Հայաստանին, հայ էությանը, հայ ժողովրդին, իր ազգությանը։ Յանան բացարձակ չի մտնում քաղաքականության մեջ, դա իրեն պետք չէ ընդհանրապես։ 100 %-ով եմ ասում, նման բան չկա, քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա։ Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանցիներին, յուրաքանչյուր մարդ, ով Ռուսաստանում է ապրում, տարբեր ազգությունների մարդկանց հետ ընկերություն է անում՝ կապ չունի ադրբեջանցի է, թե ոչ»,- նշեց պարոն Ալավերդյանը։

Հարցին՝ ամեն դեպքում ինչո՞ւ է Յանան նման կերպ արտահայտվել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, հայրը պատասխանեց.

«Բացառվում է՝ Յանան նկատի ունենա, որ թքած ունի Հայաստանի վրա։ Հասկանում եք, նա քաղաքականության հետ կապ չունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ընդհանրապես չեն վերաբերում նրա շրջապատին և ընկերությանը»։

Յանա Եգորյանն՝ օլիմպիական խաղերի չեմպիոն
Յանա Եգորյանն՝ օլիմպիական խաղերի չեմպիոն

Օլիմպիական խաղերի չեմպիոնուհու հայրը՝ Կարապետ Ալավերդյանն, ապրում է Երևանում։ Նա դստերը չի տեսել 17 տարի, ծնողները բաժանվել են, երբ ապագա չեմպիոնուհին 6 տարեկան էր։ Հարցազրույցում Յանան անդրադարձել է նաև հոր թեմային՝ նշելով.

«Նրան տեսնելու խելահեղ ցանկություն չունեմ։ Ինձ նա չէ դաստիարակել, այլ մայրս։ Բայց եթե հնարավորություն և ժամանակ ունենամ, կմեկնեմ Երևան։ Հորս հետ երկար ժամանակ չենք շփվել։ Առաջին անգամ զանգվել ենք, երբ, կարծես թե, 14 տարեկան էի։ Շնորհավորում ենք միմյանց տոների կապակցությամբ, սակայն չենք հանդիպում»։

Անդրադառնալով վերոնշյալին՝ պարոն Ալավերդյանն ասաց.

«Ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Ոնց կա, այդպես էլ կա։ Ես մեկ ամսից մեկնելու եմ Մոսկվա և հանդիպելու եմ Յանայի հետ»։

14000 | 8
Facebook