Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու որոշումը մարդասիրական քայլ էր». ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

10:55, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
«ՀՀ կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու որոշումը մարդասիրական քայլ էր». ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը երեկ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին:

Osce.org-ը՝ փոխանցում է, որ համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծում տիրող իրավիճակը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ առկա հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և որ պատերազմը լուծման ելք չէ: Բացի այդ նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել ու իրենց բնակչությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության:

Նրանք կոչ են արել հավատարիմ մնալ 1994-95թթ. կնքված հրադադարին՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը կբերի միայն տառապանք, հուսալքություն և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

Համանախագահներն իրենց տեսակետներն են ներկայացրել այն քայլերի վերաբերյալ, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների շրջանակում կայացված որոշումների իրագործման համար:

Արտգործնախարարների հետ զրույցում համանախագահներն ընդգծել են հակամարտության լուծման համար համապարփակ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ նրանք նշել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու որոշումը մարդասիրական քայլ էր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեին՝ համանախագահները նշել են, որ ԼՂ-ն չճանաչված պետություն է, ուստի՝ իրենք չեն ճանաչի փետրվարի 20-ին կայանալիք հանրաքվեի արդյունքները:

Համանախագահների խոսքով՝ հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշիչ լինել ԼՂ վերջնական կարգավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի ելքի համար:

Համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան կկայանա մարտին:

8453 | 0
Facebook