Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է համատեղեմ պատգամավորի աշխատանքը և շախմատը». գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն՝ իր առաջադրվելու մասին

21:00, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
«Պետք է համատեղեմ պատգամավորի աշխատանքը և շախմատը». գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն՝ իր առաջադրվելու մասին

Ապրիլին կայանալիք Աժ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրվել է նաև գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում շախմատիստուհին ասաց, որ մասնակցելու է նաև նախընտրական արշավին։ «Այո, ՀՀԿ-ն Արագածոտնի մարզում իմ թեկնածությունն է առաջադրել։ Թեև ապրիլին կայանալու է շատ կարևոր մրցաշար՝ Եվրոպայի անհատական առաջնությունն, այնուամենայնիվ, կմասնակցեմ նախընտրական արշավին, ինձ իսկապես հետաքրքիր է ժողովրդի հետ հանդիպելը, զրուցելը, նրանց խնդիրները հասկանալը։ Հենց այնպես չէ այս ամենը։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Ճիշտ է՝ մի փոքր դժվար կլինի, բայց պետք է համատեղեմ՝ երկու ուղղությամբ էլ լարված աշխատելով։ Հարցին, թե ինչպես կայացրեց որոշումը, Լիլիթը պատասխանեց. «Երբ եղավ առաջարկը, մտածեցի՝ եթե ինձ վստահում են, տեսնում են թեկնածուների ցուցակում և կուսակցությունը ցանկանում է ինձ առաջադրել, և եթե ժողովուրդը նույնպես վստահի և տեսնի պատգամավորի դերում, նոր ոլորտում, ուրեմն բարին դա է։ Հիմա ուղղակի առաջադրված եմ, բայց, ամենակարևորը, ժողովրդի քվեն ստանալն է։ Եթե ժողովուրդն ինձ վստահի և նոր դերում տեսնի, թող այդպես էլ լինի։ Ամբողջ կյանքս շախմատի մեջ է անցել, ակտիվ խաղացել եմ, ու, բնական է, կամաց-կամաց մտածում եմ, որ ակտիվ շախմատային ռիթմը պետք է ավելի հանդարտվի և կյանքս այլ ընթացք ստանա։ Եթե ստացվի պատգամավորությունն, ապա առաջին պլանում դա կլինի, իսկ շախմատը կմղվի երկրորդ պլան։ Այդ ամենը ժողովրդից է կախված։ Եթե ոչ՝ կտեսնենք։ Ամեն դեպքում՝ սպորտը չեմ թողնի։ Տարվա մեջ կան կարևոր մրցաշարեր՝ Եվրոպայի անհատական առաջնությունը, Եվրոպայի թիմային առաջնությունը և օլիմպիադան։ Դրանց կաշխատեմ լավ պատրաստվել և մասնակցել։ Բայց մրցաշարերին և ակումբային խաղերին չեմ մասնակցի, քանի որ դա ճիշտ չէ։ Պատգամավորի աշխատանքը շատ լուրջ է և պատասխանատու, շատ կարևոր երկրի համար։ Եթե այդքան մարդ քեզ վստահում է, ձայն է տալիս, պետք է արդարացնես ակնկալիքները։ Ես, համենայնդեպս, այդ աշխատանքն այդպես եմ հասկանում»,- նշեց Մկրտչյանը։

4650 | 2
Facebook